Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համոզված է, որ Սեւանում տեղի ունեցած միջադեպի համար կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Ռուբիկ Հակոբյանն են մեղավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռաֆիկ Գրիգորյանը, հավելելով. «Հաստատ իրենք են սադրել եւ Մարտունիում, եւ Գավառում եւ Սեւանում»:
Հարցին, թե հանձնարարականներ տալո՞ւ է իրավիճակի հանդարտեցման համար, նա արձագանքեց. «Ես երկու ժամ առաջ եմ իմացել, որ ինքը մեր մարզում է, ի՞նչ հանձնարարականների մասին է խոսքը: Նախորդ ամսին ժողովուրդը իր խոսքն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ»:
Մարզպետից նաեւ հետաքրքրվեցինք, թե պատժելո՞ւ է այն քաղաքացուն, ով Սեւանում հարձակվել է Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռուբիկ Հովհաննիսյանի եւ նրանց կողմնակիցների վրա, ազատություն տալով ձեռքերին, մարզպետն արձագանքեց. «Չեմ կարծում, որ նման միջադեպ տեղի ունեցած լինի: Իսկ եթե տեղի ունեցած էլ լինի, հաստատ Րաֆֆի Հովհաննիսյանը մեղավոր կլինի»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանդիպման ժամանակ, որը կայացել է այսօր` մարտի 9-ին, Սեւան քաղաքում, ծեծկռտուք է տեղի ունեցել: Հանրահավաքին ներկաներից մեկը հարձակվել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կողմը` գոռալով. «Սրիկաներ, մեզ թո՞ւրք եք անվանում, ես ձեր կոկորդը կկտրեմ»: Ոստիկանությունը եւ հավաքվածները դժվարությամբ են բաժանել գոռացողին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի բազմաթիվ կողմնակիցներին: Նշենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքներում իր նախորդ ելույթներում Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդին ոչ լեգիտիմ իշխանությունների առջեւ հնազանդ պահելուն օգնում են «ներքին թուրքերը»:Հանրահավաքին ներկա Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը 4-5 սեւանցիների հետ այդ խոսքերը մեկնաբանել է այլ կերպ, հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հայերին թուրք է անվանում եւ չպետք է այդպես վարվի: Հանրահավաքի մի քանի ներկաներ բուռն արձագանքեցին այս հայտարարությանը, բայց ցույցի մնացած մասնակիցները չպաշտպանեցին նրանց:
Ոստիկանությունը ստիպված էր 20 մետր հեռացնել բորբոքված քաղաքացուն: Ողջ ճանապարհին նա չէր հանգստանում եւ հայհոյանքների տարափ էր տեղում:«Ես հարգում եմ յուրաքանչյուրի տեսակետը, նույնիսկ սադրիչների, բայց պահանջում եմ, որ եթե ինչ-որ մեկը սադրանք է անում, թող ինձ դիմի: Թող ոչ մեկի վրա ձեռք չբարձրացնի»,-հավելել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























