Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը աշխատանքային այցով Բեյրութում էր գտնվում փետրվարի 10-ից 13-ը: Այցի առաջին օրը նախարար Պետրոսյանը հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Փետրվարի 12-ին եւ 13-ին ԼՂՀ արտգործնախարարն առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ հայկական քաղաքական կուսակցությունների, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, «Արցախ» հիմնադրամի եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերին: Նա այցելել է նաեւ Արցախում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծաղկեպսակ զետեղել Անթիլիասի կաթողիկոսության մայրավանքի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:




























