Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը հերքել է իր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի եւ Արթուր Գրիգորյանի արած հայտարարությունները եւ հրաժարվել է նրանց ծառայություններից: Այս մասին հայտարարել է նրա 3-րդ պաշտպան Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Հրապարակված քաղվածքի համաձայն, նախագահական ընտրություններից 4 օր անց զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվամբ նոր կառույց։ Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, նշված ժամանակաշրջանում հիշյալ կառույցը գործնականում փոխարինել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։

Ա. Սարգսյանի արդեն նախկին պաշտպանները, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, «մեղադրանքը մտացածին է, ընդամենը անձնական վրեժխնդրություն»: «Գործը դառնալու է դատական քննության առարկա, եւ Արմեն Սարգսյանը մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը. երկուսին էլ անչափ ձեռնտու էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունը հավանականությունը մեծ էր, որ Արմեն Սարգսյանը դարձյալ մուտք կգործի պաշտպանության նախարարություն եւ կզբաղեցնի շատ պատասխանատու պաշտոն»,-ասել էր, մասնավորապես, Արթուր Գրիգորյանը:

Իսկ ահա, Արմեն Սարգսյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր պաշտպանները հանդես են եկել իր անունից եւ հայտնել են տեսակետներ, կարծիքներ, որոնք իրենց ենթադրության արդյունքն է եղել` դրանով վարկաբեկելով իր անունը: «Նկատի ունենալով, որ փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը գերազանցելով իրենց լիազորությունները, տարածել են իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններ, որոնք կրում են զրպարտչական բնույթ, ես ոչ միայն հերքում եմ այդ ամենը, այլեւ հայտարարում, որ այն բոլոր պաշտոնատար անձանց անունները, որ այդ փաստաբանները նշել են, իմ զինակից ընկերներն են ու մնում են այդպիսին: Այդ իսկ պատճառով ես հրաժարվում եմ նշված անձանց ծառայություններից»,- ասված է Ա. Սարգսյանի նամակում:

Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հովիկ Արսենյանը, իր պաշտպանյալն ընդհանրապես ցուցմունք չի տվել եւ ժխտում է իր մասնակցությունը իրեն մեղսագրվող արարքին: Նրա խոսքով, այդ հոդվածը մամուլում հրապարակվել է դեկտեմբերի 15-ին, այն ժամանակ, երբ Ա. Սարգսյանին նշանակելու էին նոր պաշտոնի եւ նրան բոլորովին ձեռնտու չէր որեւէ տեղեկություն հաղորդել մամուլին: Ավելին, ըստ Հ. Արսենյանի, գործով անցնող փաստաթղթերը գաղտնի չեն եղել, սակայն միեւնույն է, իր պաշտպանյալը դրանք չի հրապարակել: