Հայաստանի Սահմանադրական դատարանը հետաձգել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: NEWS.am-ի թղթակիցը ՍԴ-ից հաղորդում է, որ դատաքննությունը շարունակվելու է վաղը` առավոտյան ժամը 10-ից:

Այսօրվա նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն է ներկայացրել նրա ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, ապա դատաքննությանըկողմերը հարցեր են տվել նրան: Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայցի քննությունը հետաձգվել է վաղվա նիստին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքն է ներկայացնում իր հայցադիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես  պատասխանող կողմ ներգրավված են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը, եւ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

Գործող նախագահի շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այսօրվա նիստում ավելի վաղ ՍԴ-ն մերժել էր Կարեն Մեժլումյանի եւ Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունները` գործող նախագահ Սերժ Սարգսյանին գործի քննությանը որպես վկա, այլ ոչ թե որպես երրորդ կողմ ներգրավելու մասին: Անդրիաս Ղուկասյանը նաեւ իր վրդովմունքն էր հայտնել, որ Սերժ Սարգսյանին դատարանում ներկայացնում են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ի պատասխան նշել էր, թե Հրայր Թովմասյանը արձակուրդի մեջ է եւ Սերժ Սարգսյանին դատարանում ներկայացնում է որպես փաստաբան:

Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: ՍԴ-ն որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, այսինքն` վերջնաժամկետը հինգշաբթի օրն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am