Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` նախագահական ընտրություններում 576 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանն ստացել է 100 կամ 99 տոկոս ձայն, իսկ այդպիսի տվյալները բնորոշ են միայն խորհրդային շրջանին, երբ կար մեկ կուսակցություն եւ մեկ թեկնածու: Այս մասին, այսօր` մարտի 12-ին, Սահմանադրական դատարանի նիստում, նախագահի նախկին թեկնածուների հայցի քննության ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` նման արդյունքները չեն կարող վստահելի լինել եւ չեն կարող հույս ներշնչել, որ ընտրությունների արդյունքները չենք կեղծվել: Միաժամանակ, Ղուկասյանի խոսքով` գործող նախագահ Սերժ Սարգսյանը երգիչ Սերժ Թանկյանին ուղղված պատասխան նամակում խոստովանել է, որ հենց ինքն է երկրում ընտրություններ անցկացնում. «Այդ նամակը Սերժ Սարգսյանի արժեքների արտացոլանքն է»:

Ղուկասյանը նաեւ նկատել է, թե մինչեւ ընտրությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցում նշվել էր, որ ջնջվել է իշխանության եւ իշխող կուսակցության միջեւ սահմանը, եւ նախագահական ընտրությունները դրա վկայությունն էին. «Սերժ Սարգսյանը գնաց դրան` հրաշալի իմանալով, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով»:

Նա նաեւ նշել է, թե իշխանությունները բազմիցս հարցնում են` ինչու բողոքներ չեն ներկայացվել ԿԸՀ. «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսն ուղարկել է մոտ 400 բողոք, սակայն ապարդյուն, իրավիճակը նույնն էր նաեւ 2008թ. ընտրություններում:

Ղուկասյանը նշել է, թե իշխանությունները փորձում են ընդդիմադիրներին ներկայացնել որպես թափթփուկ: Նա նաեւ պահանջել է ընտրությունները չեղյալ հայտարարել եւ Հայաստանի նախագահի նոր ընտրություն անցկացնել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am