Իրաքի ոստիկանությունը, մարտի 11-ին, հրազեն է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, ովքեր բողոքում էին հարեւան Քուվեյթի հետ սահմանազատման դեմ: Քուվեյթի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպից հետո լուրեր էին տարածվել, թե Իրաքը կրակ է բացել Քուվեյթի ուղղությամբ:

Իրաքի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ սահամանամերձ իրաքյան Ումր-Քասր քաղաքի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ իրաք-քուվեյթյան սահմանի դեմարկացիայի նորացման, որը համատեղ իրականացնում էին Իրաքի եւ Քուվեյթի անվտանգության ուժերը՝ ՄԱԿ-ի տեսուչների մասնակցությամբ:

Ակցիայի  ժամանակ ցուցարարներն սկսել են հարձակվել ոստիկանների վրա, քարեր են նետել: Անսպասելիորեն ակցիային հետեւող Իրաքի ոստիկանները սկսել են օդ կրակել, փորձելով հանգստացնել հավաքվածներին:

Քուվեյթի ԱԳՆ-ն արդեն դիմել է Իրաքի ուժայիններին՝ պահանջելով կանխել սահմանին զենքի կիրառման միջադեպի կրկնությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքն ու Քուվեյթը որոշել են հստակ սահմանազատում (դեմարկացիա) իրականացնել Պարսից ծոցում 1990-91 թվականների պատերազմից հետո, սակայն գործնականում այն դեռեւս հնարավոր չի եղել իրականացնել: Իրաքի բնակչությունը կտրականապես դեմ է դրան, պնդելով, որ սահմանային գոտու մեջ կհայտնվեն իրենց տներն ու մասնավոր հողամասերը: