Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը չի փոխի քաղաքական իրավիճակը երկրում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդի գործողություններն ուղղված են երկրի գործող նախագահի համար դժվարություններ ստեղծելուն, դա փորձ է խանգարել տեղի ունենալիք երդմնակալությանը: «Բայց չեմ կարծում, որ հացադուլը կփոխի քաղաքական իրավիճակը երկրում: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ձգտում է ինչ-որ կերպ արմատապես փոխել իրավիճակը, անհրաժեշտ են ավելի գործնական մեթոդներ, օրինակ հանրահավաքներ, այլ ոչ թե՝ հացադուլ»,-ասաց քաղաքագետը:
Միաժամանակ, նա արձանագրեց, որ հանրահավաքները, որպես այդպիսին, նույնպես հաջողության գրավական չեն: «Եթե այդ հանրահավաքներն իրենց մասնակիցների թվով եւ իշխող տրամադրություններով համեմատելի լինեին 2007-2008 թվականների իրադարձությունների հետ, եթե այդ հանրահավաքներին մասնակցեին հարյուր հազարավոր մարդիկ, դեռ կարելի կլիներ որոշ ենթադրություններ անել, բայց այն տեղի է ունենում հիմա, բավարար չէ երկրում իրավիճակ փոխելու համար»,-նշեց Մինասյանը:
Միաժամանակ, նա կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ երկրի իշխանությունները չէին սպասում, որ Հովհաննիսյանն այդքան ձայն կստանա նախագահական ընտրություններում, սակայն «Ժառանգության» առաջնորդին չհաջողվեց պահել լիարժեք ռեսուրսը եւ հայտարարված հացադուլը փորձ է փոխել քաղաքական պայքարի մեթոդը: Փորձագետի փոխանցմամբ՝ փաստը, որ մի քանի շաբաթ առաջ հանրահավաքի ր գալիս մոտ 10 հազար մարդ, իսկ այսօր 2-3 հազար մարդ, մտորելու առիթ է տալիս: «Բայց ես նաեւ չեմ բացառում, որ հացադուլը կարող է քաղաքական իմպրովիզացիա լինել: Դա երկարատեւ պայքարի մեթոդ չէ, այլ այսրոպեական զգացմունքային որոշում»,-ամփոփեց Սերգեյ Մինասյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























