Ներքաղաքական ստատուս-քվոն Հայաստանում առաջիկա ամիսներին, ըստ ամենայնի, չի փոխվի: մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ փորձագետի, հետընտրական գործընթացները, ըստ էության, երկրում ավարտվել են: Նա նշել է, թե հետխորհրդային տարածքներում հետընտրական իրադարձությունները լինում են երկու տեսակի, երբ ընդդիմությունը թեկուզ դժկամությամբ ճանաչում է ընտրությունների արդյունքները, կամ էլ չի ճանաչում եւ գունավոր հեղափոխություններ իրականացնելու քայլեր է նախաձեռնում: Հայաստանն ընտրել է երրորդ ուղին, երբ ընդդիմադիր թեկնածուն չճանաչեց արդյունքները, բայց եւ ոչ սահմանադրական ճանապարհով չգնաց:
Փորձագետի գնահատականով, նման երեւույթը բացառիկ է Հայաստանի համար եւ իրավիճակը, ի տարբերություն նախորդ ընտրությունների տարբերվում է դրականորեն: Միաժամանակ Սերգեյ Մինասյանը ընդգծել է բարդությունները, որոնք սպասվում են Րաֆֆի հովհաննիսյանի համար` ընդդիմության հետագա համախմբման գործում: Մինասյանի խոսքով, Հայաստանում օրինակներ չկան, երբ ընդդիմությանը հաջողվել է երկար ժամանակ պահել ալիքը, դա վերաբերում է նաեւ Հովհաննիսյանին: Որոշակի փոփոխություններ հնարավոր են Երեւանի ավագանու ընտրություններից հետո, սակայն այստեղ էլ բարդություններ կան: Եթե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չէր մասնակցում, ինչպես եւ ՀՅԴ-ն, ՏԻմ ընտրություններին մասնակցելու են, եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածը, որ քվեարկել էր Րաֆֆի հովհաննիսյանի օգտին, կվերադառնա նրան: «Իսկ ԲՀԿ-ն կադրային եւ ֆինանսական առումով ուժեղ է»,- ասել է Մինասյանը: Նա նաեւ նկատել է, որ եթե «Ժառանգությանը» չհաջողվի լավ դիրքեր զբաղեցնել ընտրություններին, քաղաքական ակտիվությունն աստիճանաբար կմարի:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























