Միանշանակ է, որ փոխվել է ներկայացվող հայցերի մոտեցումը, թեեւ վստահ չեմ, որ դրանցում հավաստի տվյալներ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սահմանադրական դատարանում Սերժ Սարգսյանի լիազոր-ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե որակի առումով ինչպես է գնահատում ընդդիմադիրների ներկայացրած հայցերը:
«Կարծում եմ` մենք դեռ հեռու ենք կատարյալ դատաքննությունից այն առումով, որ այդ դեպքում կողմերը պետք է հստակ բերեն իրենց փաստարկները` հենվելով փաստերի եւ ապացույցների, այլ ոչ բերել փաստաթղթերի արկք, որում ՍԴ-ն պետք է փաստեր որոնի: Այդուհանդերձ, ես զերծ կմնամ ներկայիս մասնակիցներին գնահատելուց, քանի որ խորը հարգանք ունեմ հայցվորների նկատմամբ»,- նշել է Հարությունյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում հայտարարություններին, թե ՍԴ-ն անկախ չէ, Հարությունյանն ասաց. «Իհարկե, դատարաններն անկախ կառույց չեն, քանի որ առաջին հերթին կախված են օրենքից, իսկ ՍԴ-ն կախված է երկրի Սահմանադրությունից: Սակայն ՍԴ-ի համար ստեղծվել են բոլոր պայմանները, որ նա անկախ գործի»:
Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, թե մտադիր չէ հարցեր տալ հայցվորներին, եւ իր կարծիքը կհայտնի վերջում, թեեւ չբացառեց, որ դատաքննության ընթացքում կարող են հարցեր ծագել:




























