Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ հարցներ՝ կո՞ղմ եմ, որ նստեր հացադուլի, կպատասխանեի՝ ոչ, որովհետեւ գիտեմ ինչ է նշանակում նրա արտաբերած խոսքը, ինչ արժեք ունի այն եւ գիտեմ դրա հետեւանքները: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը միանշանական չընդունվեց հասարակության կողմից, սոցիալական ցանցերում քննարկումներ եղան, բայց հացադուլը պայմանավորված էր երկու հանգամանքով: Առաջինը, նրա խոսքով, այն է, որ շատ հստակ երեւում է, որ գնալով իշխանությունն ավելի է սրացնում պայքարը, դրա գագաթանակետը Գեղարքունիքի մարզի դեպքերն են, «որտեղ իշխանության ներկայացուցիչների կողմից կոորդինացվել էր քրեական աշխարհը եւ հստակ էր, որ որեւէ քաղաքում պետք է բախում լիներ, ինչը տեղի ունեցավ Սեւանում»:
Նա պատմեց, որ Սեւանի քաղաքապետը իր հետ բերել էր մարդկանց, որոնք պետք է սրեին իրավիճակը, այնուհետեւ Սեւանի քաղաքապետը հայտարարեց, թե Ռուբեն Հակոբյանը ասել է, դուք թուրք եք, տղամարդ չեք: Քրեական տարրը կարծես հենց դրան էր սպասում, որ հարձակվի, եւ եթե չլիներ ոստիկանների միջամտությունը, ապա արյուն կթափվեր: Հիմա իրենք սպասում են ոստիկանության եւ իշխանության գնահատականին միջադեպի վերաբերյալ:
Երկրորդ պատճառը, որի համար Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը բացահայտ գիտի, որ կեղծել է ընտրությունները, գիտի, թե ինչ է կատարվել, բայց փակել է օրենքի դուռը, թույլ չի տալիս, որ օրենքը իրականցվի: Նա նշեց, որ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր նամակում գրել էր, թե ինքն է կազմակերպել ընտրությունները, ինչը պարզ ազնիվ ինքնախոստովանություն է:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հացադուլը ծրագրված չի եղել, դրա մասին խոսակցություն էլ չի եղել, սակայն Սեւանի դեպքերից հետո, երբ նստեցին մեքենան, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ թույլ չի տա, որ արյուն հեղվի: Դրանից ինքը հասկացավ, որ իր մեջ արդեն նման որոշում կայացվել է: «Հավատում եմ, որ մինչեւ ապրիլի 9-ը բան է փոխվելու»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շեշտելով, որ տեր են կանգնելու ժողովրդի ձայներին, սակայն չցանկանալով մանրամասնել մարտավարական քայլերը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























