Անհիմն են բոլոր պատճառաբանությունները, թե մենք չունենք ընտրությունների արդյունքները վիճարկող հիմնական փաստարկներ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենք հստակ ասում են, որ այն բոլոր ընտրատեղամասերում եւ քաղաքներում, որտեղ մասնակիցների թիվը համեմատաբար ճիշտ արտահայտում է իրականությունը, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ հավասար ձայներ ունեն, կամ քիչ տարբերությամբ է պարտվել, դա իրական է, քան այն 600 տեղամասերը, որտեղ 70-100 տոկոս մասնակցություն է եղել եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է տասը տոկոս ձայն:
«Բավական է ՍԴ-ն այս փաստը վերցնի որպես հիմք եւ ստուգումներ անցկացնի, կտեսնի, որ խայտառակություն է կատարվել: Հարյուր հազարավոր մարդիկ վստահ են, որ կեղծվել են ընտրությունները»,- նշեց նա: Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ ՍԴ որոշ անդամներ եւս գիտեն, որ ընտրությունները կեղծվել են:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ երեկ ներկա է եղել ՍԴ նիստին եւ շատ տխուր տպավորություն ունի: Նա նշեց, որ իրենք խոստովանում են, որ չեն կարողացել ամբողջ հանրապետությունում ունենալ հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, բայց մեծ դժվարություն է լինել ընդդիմության վստահված անձը եւ պայքարել քրեական տարրերի դեմ: «Իրենք չեն մերժում, որ փող է բաժանվել, ասում են՝ չկան բողոքներ»,-ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























