Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքները եւ բողոքի ցույցերը եւս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանում ցանկացած այլախոհություն ճնշվում է: Այդ մասին  NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

«Երբ խոսքը քաղաքացիական հասարակության, հանրահավաքների եւ բողոքի ցույցերի մասին է, ապա անհրաժեշտ է նշել, որ այդ ամենը հարեւան երկրում շատ ցածր մակարդակում է: Իշխանությունների մոտեցումը նման խնդիրներին նույնպես վկայում է, որ Ադրբեջանը ժողովրդավարությունից դեռ շատ հեռու է»,- նշել է փորձագետը: Ըստ նրա համոզման` եթե այդ երկրում ոչինչ չփոխվի, այն կվերածվի մեկ թագավոր ունեցող  սուլթանության կամ խանության: «Տվյալ դեպքում, իհարկե, իմաստ չունի ժողովրդավարության մասին խոսելը»,- ընդգծել է Սարգիս Ասատրյանը:

Ինչ վերաբերում է հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, նա հայտնել է, որ տվյալ պահին դեռ ուժ չի տեսնում, որը կկարողանա մրցակցություն ապահովել  գործող վարչակարգին եւ Իլհամ Ալիեւին: «Թեեւ երկրում կան տարբեր ընդդիմադիր կուսակցություններ, ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ հակակշիռ դառնալ Իլհամ Ալիեւին»,- նշել է Սարգիս Ասատրյանը, հավելելով, որ հետագա իրադարձություններն ամեն ինչ ցույց կտան:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի կենտրոնում արգելված ցույցին հավաքվել էր երեք հազար մարդ: Գրեթե երկու ժամվա ընթացքում Բաքվի ամբողջ կենտրոնը ողողված էր եղել արցունքաբեր գազով: Ձերբակալվել էր 60 մարդ, որոնցից 12-ը կկանգնեն դատարանի առաջ: