Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է ներկայացնել 2012 թվականի իր զեկույցն՝ ըստ ոլորտների:
Ըստ զեկույցի՝ Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները.
• Դեռեւս բավարար չէ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական եւ այլ մեխանիզմների ներդրումը:
• Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:
• Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու եւ դրանք վերացումից պաշտպանելու համար:
• Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:
• Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:
• Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները եւ չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:
Արձանագրված դրական զարգացումներ
• 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
• Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:
• Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:
• Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:



























