Ներկայումս նախկին գերի Արթուր Բադալյանի գործով որեւէ նորություններ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրա փաստաբան, իսկ ներկայումս նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դա սովորական պրակտիկա է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննությունը կարող է տեւել մի քանի տարի:

Նախկին գերի Արթուր Բադալյանի գործը Եվրադատարանում գրանցված է 2011-ի աշնանից (հենց այդ պահից էլ որեւէ նորություն չկա): Այդ գործով  ՄԻԵԴ է դիմել «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը: Փաստաբանների համոզմամբ՝ այս գործով դատավճիռը կարող է նախադեպային լինել այլ դեպքերի համար:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը 2009 թվականի մայիսի 9-ին մոլորվել է անտառում եւ գերի վերցվել ադրբեջանցիների կողմից: Միայն կես տարի անց, ավելի կոնկրետ 2010-ի նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հաստատել է նրա գերության փաստը, իսկ մինչ այդ կտրականապես հերքում էր այն:

Արթուր Բադալյանը Հայաստան է վերադարձվել 2011-ի մարտի 17-ին, նրա գործը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է: