Հայաստանի գլխավոր դատախազությունը փետրվար 15-ին մերժել է 2008թ. մարտի 1-ին զոհված անձանց հարազատների դիմում-բողոքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Վերջինս նշեց, որ դիմում-բողոքին միացել էին 10 զոհերից 9-ի հարազատները, եւ միայն Համլետ Թադեւոսյանի հարազատները իրեն չէին լիազորել ներկայացնել իրենց շահերը: Զոհերի հարազատները բողոքով վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը, բայց դատախազությունը մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դիմումում զոհերի հարազատները նշել էին, որ սպանության հանգամանքների քննությունն իրականացվում է ոչ արդյունավետ, մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն, եւ Գլխավոր դատախազությունից պահանջել էին պարտավորեցնել ՀՔԾ-ին` վերացնել անգործությունն ու, արդյունավետ քննություն իրականացնել։

Ըստ Զեյնալյանի՝ սա արդեն երկրորդ բողոքն է, որ մերժվում է գլխավոր դատախազության կողմից: Դա, սակայն, բոլորովին, չի ընկճել զոհերի հարազատներին եւ լիազոր-ներկայացուցին, որը մտադիր է բոլոր օրինական եւ հասանելի միջոցներով պայքարել արդար եւ թափանցիկ քննություն անցկացնելու համար: