Փետրվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավոման գործում, ԼՂՀ նախագահը նշել է, թե անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտում կայացած գագաթնաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը: Նա նշել է, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության լիակատար կարգավորման: Բակո սահակյանը կրկին համոզմունք է հայտնել, թե խնդիրը միայն խաղաղ լուծում ունի, իսկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը այդ գործընթացին խոչընդոտող ամենամեծ արգելքներից է:

ԼՂՀ նախագահը նշել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Արցախ այցելելու եւ տեղում ամեն ինչին ծանոթանալու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: