Վերաքննիչ քրեական դատարանն, այսօր` մարտի 18-ին, մերժել է փոխել Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից: Դա նշանակում է, որ Վարդան Սեդրակյանը կշարունակվի մնալ կալանավորված:

Պնդմանը, թե Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածը, քրեական հետապնման մարմինները հակադարձել են, թե Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի իմաստով այս քրեական գործի համատեքստում Հանրապետության Նախագահի թեկնածու են հանդիսացել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: «Այդ պատճառաբանությունը գտնում ենք անհիմն, քանի որ. Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը գրված է շատ պարզ եւ դրանում հակասություններ չկան: Եթե, այնուհանդերձ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը պետք է մեկնաբանվի դրանում հակասությունների առկայության առումով, ապա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24 հոդվածի 7-րդ մասի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել: