Ազատության հրապարակում այսօր` մարտի 18-ին, ժամը 17.00-ին, սկսվեց Քաղաքացիական խորհրդի երկրորդ բաց նիստը, որը վարում էր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նիստի սկզբին Ազատության հրապարակում արդեն 9-րդ օրը հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենց նպատակն է հնարավորություն տալ զեկուցողներին հարց ու պատասխանի ձեւով ներկայացնել իրենց տեսակետները ապրիլի 9-ից բացվող նոր Հայաստանի ուղղության, կազմավորման, կառավարման եւ քաղաքականության մասին:

Նիստը վարող Անդրիաս Ղուկասյանն էլ  նշեց, որ ցանկացած ժողովրդավարական պետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց երբ չկան լեգիտիմ ընտրություններ, ժողովուրդը կարող է իրականացնել ուղիղ իշխանություն, եւ այդ անմիջական իշխանությունը ժողովուրդը իրականացնում է հանրաքվեների, քննարկումների, քաղաքացիական անհնազանդության միջոցով: Նա շեշտեց, որ ապրիլի 9-ին որոշելու ենք` ում են ենթարկվելու՝ անօրինական իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդի քվեն ստացած թեկնածուին: Այդ ժամանակահատվածը նա անվանեց անցումային ժամանակաշրջան, եւ շեշտեց, որ քաղաքացիական անհնազանդություն հայտարարած հանրությունը պետք է անցնի նոր իշխանություն ձեւավորելուն: Իսկ անցումային ժամանակաշրջանը կարող է գլխավորել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, «միակ քաղաքական գործիչն է, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել ժողովրդի քվեն»: Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ անհրաժեշտ է, որ այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են, ապրիլի 9-ին պետք է լինեն այստեղ ժողովրդի կողքին, այլապես իրենց հայտարարությունները ոչինչ չարժեն եւ իրենք ճանաչում ու ընդունում են կեղծիքներով ընտրված մարմինը: