Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թուան Պողոսյանը:

Նա իր հայտարարությունում նաեւ ասել է.

«Դժվար չէ կռահել, որ եթե քաղաքական զարգացումներն այսպիսի  ընթացք չստանային, մենք հիմա արդեն մտել էինք մեզ ցավալիորեն բնորոշ դարձած ճահճացման հերթական փուլը.

• երբ քաղաքական ու հասարակական կյանքում ոչինչ չի կատարվում կամ գրեթե ոչինչ չի կատարվում,

• երբ մեռնում են ձգտումները,

• երբ հսկայական ոլորտների համար պատասխանատվություն ստանձնած ղեկավարները «անհետ կորում են» տեսադաշտից՝ համարելով, որ դա է ամենահարմար ձեւն իրենց չակերտավոր քաղաքական կամ իշխանական կյանքն երկարաձգելու համար:

Րաֆֆին հետաձգեց անխուսափելի թվացող այդ իրավիճակը: Այսօր դեռ բոլորի մեջ մեռած չեն կայծերը, այսօր դեռ  բոլորս ենք փնտրտուքների մեջ՝ ինքներս մեր դեմ կռվի մեջ: Այսօր դեռ համընդհանուր պայքարը հանուն ապագայի չի մարել: Կենտրոնանալ եւ գործել միայն կրակը մարելու ուղղությամբ ամենահեշտն ու բնազդայինն է, որ կարելի է անել այսօր: Իմ ընկերները քաղաքական դաշտի ողջ սպեկտրով են, բոլոր թեւերում: Իմ կոչը շատ պարզ է. եկեք մտածենք ուր են տանում մեզնից յուրաքանչյուրի քայլերը: Ունենք ճանապարհ, որն արագացնում է ճահճի մոտենալը: Ունենք ճանապարհ, երբ մեզնից յուրաքանչյուրի քայլերը միտված են ճահճի հեռացման, հնարավորինս հեռու վանմանը: Եվ ունենք ճանապարհ, երբ կարող ենք ուղղակի չորացնել ճահիճը:  Մենք ենք ընտրում մեր ճանապարհը:

Իսկ Ազատության հրապարակը շարունակում է էներգիա տալ անփոփոխ, վաղվա դեմ միտված մեր քայլերին: Ու այդ պայքարում ձեւն իսկապես էլ կարեւոր չէ: Վստահ եմ, որ գալիք համընդհանուր լռության պատկերն անհանգստացնում է շատերին. ժամն է դրա մասին մտածել հենց այսօր, վաղն ուղղակի թմբիրը իր մեջ կկլանի բոլորիս»: