Ռուսաստանի ԱԳՆ-ում ծայրահեղ մտահոգված են Սիրիայում զինյալների մոտ զանգվածային ոչնչացման զենք հայտնվելու փաստով, ինչն էլ ավելի է դժվարացնում այդ երկրում իրավիճակն ու դիմակայությանը նոր շրջապտույտ է սկսում։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության մեջ՝ անօրինական զինված կազմակերպությունների կողմից Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ։
Դամասկոսից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ մարտի 19-ի վաղ առավոտյան, Հալեպի նահանգում արձանագրվել է զինված ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու դեպք։ Թունավոր նյութով հագեցած զինամթերքի պայթյունի արդյունքում զոհվել է 16 եւ տուժել մոտ 100 մարդ։ «Տեղի ունեցածը համարում ենք սիրիական ճգնաժամի իրադրաձություններում նոր ծայրահեղ տագնապային ու վտանգավոր զարգացում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին կոչ է արել Սիրայի բոլոր ողջամիտ ուժերին հրաժարվել բռնությունից եւ բանակցությունների սեղանին քաղաքական կարգավորումների ուղղությամբ իրական քայլերի անցնել, ինչպես եւ նախատեսված է «Գործողության խմբի» 2012 թվականի հունիսի 30-ի Ժնեւյան հուշագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի իշխանություններն ընդդիմության զինյալներին մեղադրում էին Հալեպի հրաձգության ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ։ Երկրի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտարարել է, որ «Կաֆր-Դաիլ շրջանի Հալեպի նահանգում տեղակայված ահաբեկիչների՝ Խան Ալ- Ասալ շրջանի հրաձգությունը քիմիական զենքով ոչ այլ ինչ է, քան սիրիական հակամարտության վտանգավոր թեժացում»։ Նա համաշխարհային հանրությունից ու ահաբեկիչներին ֆինանսավորող ու զինող երկրներից պահանջել է պատասխանատվություն կրել միջազգային իրավունքով արգելված զենք կիրառելու համար։ Նախարարը Թուրքիայի ու Քաթարի կառավարությունների վրա է դրել կատարվածի համար պատասխանատվությունը, որի արդյունքը 16 մարդու մահն է եղել։
Մինչդեռ ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը չի հաստատել Հալեպի զինյալների կողմից հրաձգոււթյան ժամանակ քիմիական զենքի կիրառումը։



























