ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մտադիր չէ  կրկին այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Գալուստ Սահակյանը։

«Հիմա տեսնում եմ, որ այդ այցելությունների նպատակը կարող է տարբեր լինել, բնականաբար չեմ պատրաստվում այցելել: Բայց եթե տեսնեմ, որ իմ այցելությունը ներազդեցություն կունենա, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանն իր առողջությունը չքայքայի, բնականաբար կայցելեմ»,-ասաց Սահակյանը:

Հարցին, թե իսկապե՞ս Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած  է, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, Սահակյանն ասաց. «Հացադուլ անողն ընդհանրապես սոված ու դառնացած չի լինում, մի վիրավորեք Րաֆֆի Հովհաննիսյանին։  Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե չարացած է, այլ ինքը չարացած էլ եկել է: Պարզապես վերջին շրջանում հասարակությունը հասկացավ, որ նա չարացած է: Չարացած եկել է, ոչ թե չարացավ հենց հիմա: Այ, ես էլ եմ հետազոտում, թե որտեղից եկավ եւ ինչ կենսագրություն կա»։

Գ. Սահակյանը նաեւ նշեց, որ կենսագրական տվյալները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չեն խոսում. «Հայրենիքի համար զոհաբերվում են նրանք, ովքեր հայրենիքի համար մի քար են դրել կամ ինչ-որ մի պատմություն ունեն»: