Հայաստանում եւ Ազզգային ժողովում օլիգարխներ չկան եւ չեն էլ կարող լինել։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն արտահայտությանը, թե ԱԺ-ում օլիգարխներ չկան:
«Օլիգարխի բանաձեւը կա աշխարհում: Դուք հասարակության մեջ ձեւավորել եք այն տեսակետը, որ օլիգարխ նշանակում է հանցագործ: Մենք չունենք որեւէ մեծահարուստ, որն իշխանության մեջ լինի եւ կարողանա անմիջական մասնակցություն ունենալ իշխանության որոշումներին: Այսինքն՝ օլիգարխը հենց նա է, ով լինելով մեծահարուստ, ձեռնարկատեր, մեծ ազդեցություն կունենա իշխանության գործառույթների կամ որոշումների վրա»,- ասաց Գ. Սահակյանը:
Նա նշեց, որ պատգամավորները մեծահարուստ կարող են լինել, բայց օլիգարխ չլինել. «Օրինակ՝ ձեր ասած Սամվել Ալեքսանյանը մեր օրենսդրական ամբողջ գործընթացներում երբեւիցե տեսե՞լ եք, որ որեւէ ազդեցություն ունենա»։
Դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը խոչընդոտներ է ստեղծում գործարարների համար, Գ. Սահակյանն արձագանքեց. «Դա ձեռնարկատիրություն է, ներկրումներին բոլորը կարող են մասնակցել, եւ ազդեցություններ չի կարող ունենալ, որովհետեւ իշխանության որոշումների վրա որեւէ ազդեցություն չունի»:




























