Քաղաքական գործընթացներում ամենաանհետաքրքիր բանը ձանձրալի դառնալն է. երբ քայլերդ միատեսակ ու միապաղաղ են, շատ շուտ հոգնեցնում ես, ինքնասպառվում։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նա իր ելույթում նաեւ ասել է.

«Անցած տարիներին այդպիսի սովորական առօրյա դարձան հանրահավաքները՝ գրեթե նույն տեքստային ելույթներով, նույն հռետորաբանությամբ ու պահանջներով։ Վերջին մեկ-երկու ամսում արդեն հասցրին սովորական դառնալ քաղաքական հացադուլները։ Ո՜չ հանրահավաքներով, ո՜չ էլ հացադուլներով հայ հասարակությանն այլեւս զարմացնել չես կարող։ Զարմացնել կարող ես, թերեւս, միայն հստակ ասելիքով։ Փաստ է, որ ասելիքի ու ծրագրերի բացակայությունը հյուծում է քաղաքական օրգանիզմը, ինչին այսօր մենք ականատես ենք ընդդիմադիր բեւեռում։

Վերջին օրերի քաղաքական թոփ թենի առաջին հորիզոնականում ընդդիմության ներկայացրած ստվերային կառավարության կազմն էր։ Հետաքրքիր է, որ «կառավարության» անդամներին ներկայացնում են ոչ թե Րաֆֆիի թիմակիցները, այլ մարդիկ, ովքեր նախկինում մի քանի անգամ նման փորձեր արել են։ Եվ այս պարագայում անգամ կարեւոր չէ, թե ում ինչ են բաժին հանում։ Կարեւորություն են ստանում պարզունակ քայլերը, աթոռակռիվը, ինքնանպատակ, հանուն պաշտոնի իշխանատենչությունը։

Թերեւս, այս պարագայում ավելի հասկանալի է դառնում Րաֆֆիի հացադուլը, քանի որ այլեւս չի կարողանում կառավարել իր կողմից սկիզբ դրված պրոցեսը։ Հացադուլը որոշ իմաստով նաեւ հուսահատության դրսեւորում է, որը, որպես կանոն, կիրառում են ամենածանր պահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հենց այդ ծանրագույն փուլում է։ Եվ հացադուլին վերջ տալ-չտալու հարցը պետք է լուծվի հենց իր թիմում, թիմ, որտեղ յուրաքանչյուրը որպես առանձին թիմապետ է հանդես գալիս։

Քաղաքական թոփ թենի երկրորդ հորիզոնականում Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարցն է։ Ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարեցին, թե ավագանու ընտրություններին գնում են առանձին ցուցակներով։ Փաստ, որը վկայությունն է այն բանի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ այս հարցում միասնական չեն, դրանց առանցքում անհատներ են կանգնած, ովքեր ամեն գնով տենչում են իշխանության։ Ավագանու տեղերի համար պայքարում ընդդիմադիրներն իրականում պայքարելու են ոչ թե իշխող կուսակցության, այլ միմյանց դեմ։ Նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրն է ապացուցել, որ իրենք դեռ կան ՀՀ քաղաքական դաշտում։ Իսկ «Ժառանգությունը» պետք է կարողանա ապացուցել, որ իր ստացած տոկոսները պատահականություն չէին։

Նախագահի երեկվա ասուլիսը տվեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, միաժամանակ այն քաղաքական ազնվության եւ անկեղծության դրսեւորում էր։ Հայտնի է, որ ազնիվ ու անկեղծ կարող է լինել միայն ուժեղը։

Ով՝ ով, գոնե Դուք, պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ ընդունված չէ մի բան մտածել, երկրորդ բանը հայտարարել հանրահավաքներին, երրորդի շուրջ փորձել բանավիճել, չորրորդը պատմել թիմակիցներին։ Ազնվությունն ու անկեղծությունն ավելի մեծ արժեքներ են։ 

Առիթից օգտվելով՝ միանում եմ բոլոր հորդորներին եւ դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրանքով դադարեցնել հացադուլը»: