Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նա այդպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նրա նկատմամբ դատական գործընթաց է սկսվել: Կայուզակն իր որոշումը բացատրել է նրանով, որ չի ցանկանում ստվեր գցել կառավարության վրա, ինչպես նաեւ պետք է կենտրոնանա իր պաշտպանության վրա, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Քննության տվյալներով՝ Կայուզակը հնարավոր է, ունի գաղտնի հաշիվներ, որոնք օգտագործում է հարկերից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, լրատվամիջոցների ձեռքն է ընկել 2000 թվականին տեղի ունեցած մի հեռախոսազրույց, որտեղ Կայուզակն իր օգնականին խնդրել է շվեյցարական UBS բանկում փակել չհայտարարագրված հաշիվը՝ տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Բայց այդ հաշիվը փակվել է ոչ թե այդ ժամանակ, այլ 2010 թվականին, իսկ դրանում եղած միջոցները փոխանցվել են Սինգապուր:
Ժերոմ Կայուզակը նախկին պլաստիկ վիրաբույժ է: Նա բավական հարուստ է եւ իր գումարներն աշխատել է մազերի փոխպատվաստման շահութաբեր բիզնեսի շնորհիվ, որը նա վարել է կնոջ հետ միասին: Լինելով կառավարության անդամ, նա բազմիցս քննադատել է այն գործարարներին, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց եւ զբաղվում մեքենայություններով:




























