Իսպանիայի Ադամուս և Ուրդա բնակավայրերի մոտ միևնույն արագընթաց երկաթուղային մայրուղում (Մադրիդ–Սևիլիա երթուղի) 10 ամսվա տարբերությամբ տեղի ունեցած երկաթուղային աղետները պետական անփույթ կառավարման ակնառու վկայությունն են։ Այսպիսի կարծիք է հայտնել La Razon թերթն իր խմբագրականում։

Ինչպես նշել է պարբերականը, Ադամուսի և Ուրդայի աղետների միջև ընկած ժամանակահատվածում կառավարության գործողություններն «առանձնացել են տեղի ունեցածի իրական պատճառները քողարկելով, արագընթաց ցանցի շահագործումը դադարեցնելու համառ մերժմամբ՝ չնայած երկաթգծերի անբավարար վիճակին», ինչպես նաև «ոլորտի առաջատար փորձագետների նախազգուշացումների բացահայտ անտեսմամբ» և «քարոզչական լայնածավալ արշավով, որը միտված էր քողարկելու իրական խնդիրները, որոնց ուղևորները բախվում են ամեն օր»։

Հրապարակման մեջ նշվել է, որ ենթակառուցվածքի մաշվածությունն ութ տարվա ընթացքում հասել է կրիտիկական մակարդակի՝ անբավարար ֆինանսավորման, տեխնիկական սպասարկման ծախսերի կրճատման և անվտանգության նոր համակարգերի ներդրման պայմանագրերը դեմպինգային գներով կնքելու պայմաններում։ Այդ համակարգերը պետք է շահագործման հանձնվեին դեռ ընթացիկ տարվա սկզբին, սակայն դրանց տեղադրումը շարունակվում է մինչ օրս։ Բացի այդ, ինչպես գրել է La Razon-ը, Adif և Renfe օպերատոր ընկերություններում բարձրագույն պաշտոններում նշանակումները կատարվել են սոցիալիստներին կուսակցական հավատարմության, այլ ոչ թե մասնագիտական կարողությունների սկզբունքով։

«Եվ այս ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Իսպանիայի նորագույն ժողովրդավարական պատմության ընթացքում որևէ այլ կառավարություն չէր ունեցել նման ռեկորդային հարկային մուտքեր՝ ԵՄ վերականգնման հիմնադրամներից ստացվող խոշոր ֆինանսական հատկացումներին զուգահեռ,– ընդգծել են հեղինակները։– Ենթակառուցվածքում ներդրումների պակասը, անկասկած, ցավալի իրողություն է քաղաքացիների ծանր հարկային բեռի, ինչպես նաև Իսպանիայում նկատվող պետական պարտքի անկասելի աճի ֆոնին։ Մենք հետևում ենք անպատասխանատու կառավարության գործունեության անխուսափելի վախճանին. կառավարություն, որը, բացի քարոզչությունից, ուրիշ հենարան չունի, բայց շարունակում է խրատել ուրիշներին»։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի շրջանում (Կաստիլիա–Լա Մանչա ինքնավար համայնք) բախվել են Մադրիդ–Սևիլիա երթուղու երկու ուղևորատար գնացքներ։ Գնացքներում ընդհանուր առմամբ ավելի քան 540 ուղևոր է եղել։ Զոհվել է 69 մարդ։