Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը պարզաբանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի զարմացած հարցադրումները հանգեցնում են այն մտքին, որ պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին, քանի որ արտաքուստ տպավորություն ստեղծելու համար արվող հայտարարությունները առնվազն պետք է հիմնված լինեն որոշակի հաշվարկների եւ համեմատությունների վրա։
Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել էր 81 712.0 հազ.դրամ գումար, սակայն փաստացի ծախսը կազմել է 46 467.0 հազ.դրամ (խնայողությունը կազմել է 35 245 հազ.դրամ), ինչը հստակ նշված է բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որն ի դեպ ավագանու՝ ներառյալ ԲՀԿ անդամների, կողմից միաձայն հաստատվում էր հենց այն պահին, երբ պարոն Ուրիխանյանը զարմանում էր այդ թվերից։
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի համեմատությանը ՀՀ ԱԳՆ-ի եւ կամ ՀՀ ԱԺ-ի հետ, ապա Երեւանի քաղաքապետարանը եւս արտաքին հարաբերությունների գծով անելիքներ ունի, որովհետեւ համագործակցում է արտերկրի մի քանի տասնյակ քաղաքների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ասեմ, որ թվաբանական համեմատությունը արված է առանց վերլուծական հաշվարկների, քանի որ Երեւանի քաղաքապետարանի գործուղումների ծախսերը ներառում են նաեւ Երեւանի ավագանու անդամների եւ 12 վարչական շրջանների եւ դրանց աշխատակազմերի գործուղումները, որոնք հիմնականում իրականացվում են ըստ անհրաժեշտության կամ հրավերքի, իսկ այդ ծախսերը իրականացվում են նույն նորմատիվներով, որը կիրառում են ՀՀ ԱԺ-ն եւ գործադիր մարմնի նախարարություններն ու գերատեսչությունները։
Շենքերի գեղարվեստական լուսավորության ծրագրի հետ կապված պատգամավորի այն ակնարկը, թե «շենքերից դուրս ինչ է եղել», խորհուրդ կտամ մանրամասնել եւ ներկայացնել պատկան մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է ծրագրի նախահաշվային արժեքին, ապա ծրագրի բովանդակությունը եւ նախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել է ինչպես Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներին, այնպես էլ ավագանու նիստին եւ արժանացել է ավագանու՝ այդ թվում ԲՀԿ անդամների, հավանությանը։
Առնվազն տարակուսելի է ԱԺ պատգամավորի վերաբերմունքն ու հնչեցրած կարծիքը Հայաստանի Հանրապետության դրոշների տեղադրման հիմնավորման հարցի շուրջ այն դեպքում, երբ դրանց արժեքները ձեւավորվել են սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահշվային փաստաթղթերի հիման վրա, ինչը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից։
Այդուամենայնիվ, պարոն Ուրիխանյանը, հռետորաբանության փոխարեն, իր համար անհասկանալի հարցերը մինչեւ բարձրաձայնելը կարող է ճշտել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որոնք առավել արհեստավարժ են եւ պատշաճ տիրապետում են բարձրացված հարցերի բովանդակությանը, ինչպես նաեւ կողմ են քվեարկում դրանց»:
Նշենք, որ մարտի 19-ին, ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ մինչ երեւանցիների համար որեւէ բան չկա կամ էլ կա, բայց շատ թանկ է, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար կան ծառայողական մեքենաներ, շքեղ գործուղումներ: «Օրինակ, կա 81 միլիոն 760 հազար դրամի չափով նախատեսված ծախս` 2012 թվականի գործուղումների համար»,- ասել է պատգամավորը` զարմանալով` Երեւանի քաղաքապետարանն ԱԳՆ՞-ն է, թե՞ ԱԺ-ն, որ այդքան գումար է նախատեսում գործուղումների համար: Ուրիխանյանը նշել է, որ 73 միլիոն դրամ ծախսվել է դրոշների տեղադրման համար ու համեմատական կարգով նշել, որ նույնքան գումար էլ վերելակների վերանորոգման համար էր տեղադրվել: Նա հեգնել է, որ այս խնդիրներին զուգահեռ կան այնպիսի կարեւորագույնները, ինչպիսիք են ասենք, Վոլոչկովան եւ այլն: Այս համատեքստում ԲՀԿ-ական պատգամավորը նկատել է, որ այդ պատճառով էլ նախագահական ընտրություններում ունենում ենք այն իրավիճակը, ինչն Ավանում էր:




























