Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւն ազատ է արձակվել: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» ընդդիմադիր թերթը:

Ըստ Գազիեւի՝ ոստիկանության օպերատիվ աշխատակիցներն իրեն ձերբակալել էին տնից դուրս գալիս եւ տարել էին ՆԳՆ-ի հանցավորության դեմ պայքարի վարչություն: Նրան պաշտոնապես նախազգուշացում էր տրվել մամուլում իր վերջին հրապարակումների կապակցությամբ:  Երկու ժամ խցերից մեկում պահելուց հետո ազատ էին արձակել: Գազիեւը ձերբակալվել էր  «Ազադլիգ» թերթում հրապարակված հոդվածի համար, որտեղ իշխանությանը եւ անձամբ Իլհամ Ալիեւին սուր քննադատության էր ենթարկել:

Նախկին նախարարը Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հիմնադիրներից եւ առաջին 15 անդամներից մեկն է: Նա հայտնի է իր ազգայնական հայացքներով եւ Աբուլֆազ Էլչիբեյին աջակցությամբ: Բազմիցս եղել է «ոչ այնքան հեռավոր վայրերում». 1990թ. ամռանը հակախորհրդային անկարգությունների եւ հայկական ջարդերի կազմակերպիչներից է: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում եղել է պաշտպանության նախարար: Այդ ժամանակահատվածում հայկական կողմը մեծ հաջողությունների է հասել, այդ թվում ազատագրել է Շուշին:  1993թ. հունիսին Հեյդար Ալիեւի իշխանության գալով Գազիեւին ընտրել էին Ադրբեջանի խորհրդարանում եւ  առաջարկել պաշտպանական արդյունաբերության փոխվարչապետի պաշտոնը: Իմանալով, որ երկրում դեռ չկա պաշտպանական արդյունաբերություն (այն ստեղծվել էր միայն 2005թ.), Գազիեւը խորհրդարանական նստաշրջանի ժամանակ Ալիեւին ստախոս էր անվանել:  Շուտով Ռահիմ Գազիեւը ձերբակալվել էր պետական դավաճանության եւ Շուշին հանձնելու մեղադրանքով, սակայն 1994թ. սեպտեմբերին նրան հաջողվել էր հանրապետության անվտանգության նախարարության կալանավայրից փախչել Մոսկվա:

Ադրբեջանում Ռահիմ Գազիեւին հեռակա կարգով դատապարտել էին  մահապատժի: 1996թ. ապրիլի 16-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը վճռել էր պաշտպանության նախկին նախարարին արտահանձնել Բաքու, որտեղ 1998թ. նրա մահապատիժը փոխարինել էին ցմահ բանտարկությամբ: ԵԽԽՎ-ի պնդմամբ՝ Ռահիմ Գազիեւը համաներման էր արժանացել եւ ազատվել 2005թ. մարտին: