Հայաստանում պաթոլոգիա-անատոմիական ծառայությունների վիճակն իսկապես բարվոք չէ: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: Նախարարի խոսքով՝ բարվոք չեն շենքային պայմանները, կա կադրերի ու գործիքների խիստ պակաս:

Ըստ Դ. Դումանյանի՝ պաթոլոգիա-անատոմիական ծառայությունն ավելի լայն հասկացություն է, քան դիահերձումը: Այն միշտ էլ ներհիվանդանոցային ծառայություն է համարվել, սակայն վերջին տարիներին հանրապետության 12 քաղաքներում ստեղծված բժշկական կենտրոններում նման ծառայություն չի նախատեսվել: Ներկայում աշխատանքներ են տարվում այդ բացը լրացնելու համար, իսկ Գյումրիում կկառուցվի դիահերձարանի նոր շենք: