Ռուսաստանի պետական դումայի էթիկայի հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 20-ի նիստում, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովին մեկ ամսով զրկել է խորհրդարանի լիագումար նիստերի ժամանակ ելույթ ունենալ, ինչպես նաեւ առաջարկել է հրապարակավ ներողություն խնդրել եւ վայր դնել մանդատը:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Գուդկովն այցելել է Վաշինգթոն եւ մարտի 5-ին ելույթ ունեցել Freedom House կազմակերպության կազմակերպած ֆորումի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ ԱՄՆ Սենատի անդամներ, այդ թվում «Մագնիտսկիի օրենքի» հեղինակ Ջեյմս ՄաքԳովերնը:
Պետդումայի 4 խմբակցությունների հարցման մեջ նշված է, որ պարոն Գուդկովի զեկույցը կրել է «խիստ հակառուսական բնույթ՝ ուղղված երկրի վարկաբեկմանը»:
«Համարում ենք, որ պատգամավոր Գուդկովի արտահայտություններն, ըստ էության, անօրինական գործողությունների կոչ են, որոնք խախտում են ռուսական պետության ինքնիշխանությունը»,-ասված է Էթիկայի հանձնաժողովին ուղղված հարցման մեջ:
Ի պատասխան Էթիկայի հանձնաժողովի առաջարկի, Գուդկովը հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել մանդատը: «Պարոն «եդինառոսներ», միայն ձեզանից հետո»,-ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր կալանավորել Գուդկովին՝ հայրենիքի դավաճանության համար:



























