Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ. մեր գլխավոր նպատակը համակարգային փոփոխություններ անելն է: Այդ մասին, այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի շրջանակներում հայտարարել է ազատամարտիկ, «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշել է, թե իրենք ունեն հստակ ծրագիր, թե որ ուղղությամբ պետք է տանեն ժողովրդի պոռթկումը: «Առնվազն վերջին շրջանի պատմության ընթացքում, լինի 1918-ի նախօրյակին, թե 1988-ի նախօրյակին, այդ օրերի ղեկավար խավը խնդիր չէր դրել Հայաստանի անկախության: Ի տարբերություն, այժմյան ձեւավորվող խավը խնդիր է դրել նոր որակի պետության ստեղծման»,- նշել է Սեֆիլյանն ու հավելել. «Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ: Մեր գլխավոր նպատակը համակարգային փոփոխություններ անելն է: Այսօրվանից իսկ պետք է հստակեցնենք, թե գործող համակարգն ինչ համակարգով ենք փոխարինում»:
Նա նաեւ արձանագրել է, թե վերջին շրջանում շատ են ասում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թիմ չունի: «Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն ամբողջ մեր ժողովուրդն է: Մենք գտել ենք այդ մեխանիզմը, որը համախմբելու է մեր ժողովրդի լավագույն զավակներին, անկեղծ մարտնչողներին նոր որակի պետության գաղափարի շուրջ»,- ասել է Սեֆիլյանը:
Ներկայացնելով իրենց ծրագրի դրույթները` Ժիրայր Սեֆիլյանը նշեց, թե ծագիրը լուծում է բազմաթիվ խնդիրներ: «Այդ ծրագրով մենք լուծում ենք համահայկական մտավոր, գաղափարական ներուժի համախմբման խնդիրը: Այսինքն պետությունը մենք ստեղծում ենք ոչ միայն հայաստանաբնակ ժողովրդի, այլ համայն հայության ներուժով: Այսօրվանից իսկ պետք է հստակեցվի, թե ինչ որակի պետություն ենք պատկերացնում: Ժամանակն է նաեւ քաղաքական սերնդափոխության: Սերնդափոխություն ասելով նկատի չունենք տարիքայինը, այլ նկատի ունենք որակական փոփոխությունը»,- ասաց նա:
Ազատամարտիկը նաեւ շեշտել է, թե անցած տարիներին, «եթե ընդդիմությունն ուներ մի ուղի, որը տանում էր փակուղի, այժմ ունենք ուղի, որի շնորհիվ ձեւավորվելու է զուգահեռ իշխանություն»:
Նա նեւ նշել է, թե անցել են ժամանակները, երբ մեկ մարդ պետք է առաջնորդեր ժողովրդին: «Այժմ պետք է մարդկանց խումբն առաջնորդի: Պետք է ձեւավորվել ազնիվ, անկոտրում մարդկանց խումբ, որը պետք է օր առաջ կազմակերպի ընթացքը, ամբողջ Հայաստանում եւ սփյուռքում համակարգող խմբեր ստեղծելով»,- ասել է նա եւ ամփոփել. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ հացադուլի նստելը խորհրդակցեր իմ հետ, ես կասեի, որ ճիշտ չէ այդ քայլը, սակայն քանի որ ես խիստ կազմակերպվածության կողմնակից եմ, իրեն խորհուրդ կտայի այդ քայլին չգնալ, շարունակեր շրջել Հայաստանում, ակտիվ կապ պահպանել սփյուռքի հետ, օրօրի մոբիլիզացներ ժողովրդին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























