Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարում 12 անգամ փոխվել է գույքահարկը, 25 անգամ՝ շահութահարկը, 40 անգամ՝ ստուգումների մասին օրենքը, 70 անգամ՝ լիցենզավորման մասին օրենքը, 55 անգամ՝ պետական տուրքերը: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, նշելով, որ օրենքների հաճախակի փոփոխությունները խանգարոմ են բիզնեսին:

Նրան պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա եւս նշեց, որ օրենքների հաճախակի փոփոխությունները լավ բան չեն, ու պատգամաավորի գնահատականները տեղին են: Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ երկրներ կան, որ 25 հազ. նորմատիվ ակտ ունեն, կան, որ երեք անգամ ավելի: Նրա խոսքով՝ Հայաստանի նորմատիվային ակտերի քանակը համադրելի է այլ երկրների իրավիճակի հետ;

Տ. Սարգսյանը նշեց, որ ձգտում են նվազագույնի հասցնել փոփոխությունները, կամ փորձելու են դրանք քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ: Սակայն, վարչապետի խոսքով, անցումային շրջանում գտնվող երկրների համար հաճախակի օրենսդրական փոփոխությունները պարտադրված են: