Ես մտադիր չեմ մարտի 22-ին այցելել Ազատության հրապարակ, քանի որ զբաղված եմ եւ այլ աշխատանքային օրակարգ ունեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հարցին, թե կայցելի՞ Ազատության հրապարակ, որտեղ հեղափոխություն է տեղի ունենում:

«Ես համաձայն չեմ Ձեզ հետ եւ չեմ կիսում Ձեր տեսակետը: Դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների ձեւաչափ, ինչն անտեղի է: Դա վատ ճանապարհ է: Առաջարկում եմ մնալ քաղաքակիրթ երկխոսության շրջանակում, որոնք ձեւավորվել է վերջին տարիներին: Խնդրում եմ վերադառնալ այդ ձեւաչափ: Մենք հարգանքով ենք վերաբերում Ձեր քաղաքական սկզբունքներին, Ձեր գնահատականներին եւ տեսակետներին, սակայն ուզում եմ խնդրել ավելի բարեկիրթ լինել մեր քաղաքական գնատականներին եւ դիրքորոշումներին»,-ասել է վարչապետը:

Ի պատասխան Փոստանջյանը նշել է. «Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր մեջ մարել է հեղափոխական ոգին եւ հեղափոխական լինելու ցանկությունը եւ եթե դա մարել է, ապա Դուք չեք մասնակցի ուրբաթ երեկոյան կայանալիք ժողովրդի հաղթանակն հանրահավաքին»:

Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, որ հասարակությունը հակված է անհնազանդության զանգվածային ակցիաներ անցկացնել, եւ եթե գործարարները հրաժարվեն աշխատել եւ հարկեր վճարել, ինչպես է կառավարությունը կազմակերպելու աշխատանքը, վարչապետն արձագանքեց. «Ես հասկանում եմ հեղափոխության մասին Ձեր ակնարկը, մասնավորապես, դա վերաբերում է իմ «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածին: Այդ հոդվածում տրամաբանությունը հետեւյալն է. առաջին հերթին յուրաքանչյուր հեղափոխություն սկսվում է գիտակցության հեղափոխությունից: Այսինքն եթե դուք ուզում եք մեր երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ապա նախ պետք է հասարակությանը ներկայացնեք ձեր պլանները եւ վարակեք հասարակությանն այդ հեղափոխական գաղափարներով եւ փորձեք ձեր հետեւից տանել զանգվածներին: Եվ եթե ես տեսնեմ այդ գիտակցության հեղափոխությունը, դա կնշանակի, որ կարելի է երկրում փոփոխություններ իրականացնել: Սակայն, ցավոք, ներկա պահին ես Ազատության հրապարակում գիտակցության հեղափոխություն չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է նրանց, ով կհրաժարվի վճարել հարկերը, ապա, ըստ Սարգսյանի, օրենսդրության համապատասխան նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: