Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է. դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները։ Այս մասին նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի դիտարկմանը, թե Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, որ Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս-քվոն, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։
«Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։ Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների եւ հասարակությունների զարգացման տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդավարության։ «Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հսկայական տարբերություն կա։
Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձեւեր անցկացնել եւ դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց։
Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ եւ ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ»,-ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:




























