Երեւանի ավագանու ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողով մասնակցության ցուցակը ներկայացրած առաջին եւ առայժմ միակ ուժը Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է միջազգային գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի  ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Նշենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, քաղաքական ուժերը պայքարելու են 65 տեղերի համար: Մարտի 11-ից 21-ը կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց ցուցակները, իսկ մարտի 21-ից 31-ը կայանալու է նրանց գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ից եւ կավարտվի մայիսի 3-ին, մայիսի 4-ին լռության օր է: Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ցուցակներով: