«Օրինաց երկիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ընտրացուցակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
ՕԵԿ ընտրացուցակը գլխավորում է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, երկրորդ տեղում` Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն է, երրորդում` Սոֆյա Արթենյանը:
Նշենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, քաղաքական ուժերը պայքարելու են 65 տեղերի համար: Մարտի 11-ից 21-ը կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց ցուցակները, իսկ մարտի 21-ից 31-ը կայանալու է նրանց գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ից եւ կավարտվի մայիսի 3-ին, մայիսի 4-ին լռության օր է: Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ցուցակներով:




























