Իսկ ձեր թեկնածուն համոզվա՞ծ է, որ ինքն ընտրվել է: Այսօր` մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին: «Եթե մենք ընդունում ենք ձեր մոտ 530 հազար ձայնը, դուք էլ մեր 860 հազարը ընդունեք»,- ասաց Վարդան Այվազյանը, ինչին ի պատասխան Թեւան Պողոսյանն ասաց, որ ինքն արձագանքել է այդ հարցին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, թե գնա ի՞նչ խոսի սոված եւ դառնացած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Վարդան Այվազյանը լրագրողներին մեղադրեց Սերժ Սարգսյանի ելույթը կոտեքստից կտրելու մեջ: «Իմ աչքերը կարող ա վատ է տեսնում, կամ ականջները ավելի վատ է լսում, քան ձերը, համենայնդեպս, տեսնում եւ լսում է: Բա ինչի՞ չեք ասում. «Րաֆֆի ջան ես քեզ խնդրում եմ դադարեցրու հացադուլը»,- ասաց Վարդան Այվազյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին պատերազմի հերոս է անվանում, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ ստացվում է այս խոսակցությունն ավելորդ է, քանի որ իրենք իրենց հետ շատ լավ են: Նա նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ են «կպել», որ Սերժ Սարգսյանը պարտադիր գնա Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, երբ հայտնի չէ, թե ինչ պահանջ է ներկայացնում իր հացադուլով:
Ըստ Վարդան Այվազյանի՝ այդ հարցը փորձում են ցեղասպանությանը հավասար խնդիր դարձնեն: Թեւան Պողոսյանն էլ հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքը, որ ոչ դառնացած է, ոչ՝ սոված եւ իրեն պատկերացնում է ցանկացած ՀՀ քաղաքացու նախագահ:
Վարդան Այվազյանն ասուլիսի ընթացքում նաեւ առաջարկեց ցուց տալ վերջին չորս տարվա ընթացքում մեկ օրենսդրական ակտ, որտեղ պաշտպանվել է օլիգարխների շահերը: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր օրենդրական նախաձեռնություններն իր դեմ են եղել՝ հավելելով, որ գոյություն ունեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, ինչը մեր օրենդրությունը թույլ է տալիս:
Ինչ վերաբերում է «Քարֆուրի» Հայաստան գալուն, Այվազյանն ասաց, որ ինքը կլինի առաջին ողջունողը: Նա հիշեցրեց, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր տարածքներն է առաջարկում «Քարֆուրի» համար: Այվազյանը դժգոհեց, թե այնքան բիզնեսմեններից բողոքեցին, որ Հայաստանում բիզնեսմեն չի մնացել: Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ օլիգարխները խուսափում են հարկերից: «Ունենք թղթի վրա գրված փայլուն օրենքներ եւ դրա վատ կատարում»,-ընդգծեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























