Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես անձամբ չեմ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Քաղաքապետական ընտրությունների վերաբերյալ մնացած հարցերը մեր ցուցակի հրապարակումից հետո կարող եք ուղղել մեր թեկնածուներին կամ մեր խոսնակին»,- նշեց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունները վստահեցնում են, որ ավագանու ընտրություններն անցնելու են ազատ եւ արդար, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կեղծարար հիմնական ուժը փետրվարի 18-ին հենց Սարգսյանի գլխավորած կուսակցությունն է` հարակից կրիմինալ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շառավիղներով, եւ այդ կուսակցությունից որեւէ մեկը իրավունք չունի խոսել ազատ, արդար ընտրությունների մասին եւ կանխատեսել մայիսի 5-ի ընտրությունների որակն ու արդյունքը»:
Ըստ Հովհաննիսյանի, իրենք պայքարելու են բոլոր հնարավոր եղանակներով, որ չկարողանան կեղծել: «Քաղաքապետական ընտրությունները չեն փոխարինելու մեր համազգային զարթոնքին, հայ ժողովրդի հավաքական հանձնառությունը, լինելու է այդ պայքարի ճակատներից սոսկ մեկը: Ամեն ճակատում մենք պայքար են տալու մեր հայրենիքի համար»,- նշել է նա:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից հետո իշխանություններն արդյոք փորձել են հանդիպել իր հետ, «Ժառանգության» առաջնորդը պատասխանել է. «Ես ասել եմ, որ այսքանից հետո անգամ պատրաստ ենք հանդիպել հարմար վայրում, լսել իր առաջարկները: բայց այն ինչ եկել է միջնորդավորված հետին թվով, ծաղր է հայ ժողովրդին:Ե թե իրենք պատրաստ են համապետական լուծում առաջարչկել հայ ժողովրդին, պատրաստ եմ հանդիպել կամ ձեր դսիմաց, կամ այս սրճարանում: Եւ այդ ուղիղ հանդիպումը անհրաժեշտ է, որ այլեւս նախագահական նստավայրից ստերի շարան թույլի նման չբանեցնեն: Եւ իրենց շրջապատող որոշ կեղծ նժդեհականներ, Նժդեհի ոչ թե պաշտողներ, այլ հեգնողներ պետք է վերանան քաղաքական ասպարեզից»: Նա նաեւ նշել է, թե իր եւ իշխանությունների միջեւ որեւէ շփում չի եղել այս ընթացքում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























