ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում առաջին տեղը զբաղեցնելու համար: Այս մասին, այսօր` մարտի 21-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական զարգացումները եւ Երեւանի ավագանու ընտրությունների  հետ կապված հարցեր:

Ըստ Շարմազանովի՝ իրենց հաթանակի հավանականությունը շատ մեծ է, քանի որ ՀՀԿ-ն այն եզակի թիմն է, որ ներկայացնում են քաղաքապետի իրական թեկնածու, անկեղծ են ժողովրդի հետ եւ մատնացույց են անում երեւանցիներին, որ հաջողության դեպքում իրենց թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

«Եթե մնացած քաղաքական ուժերը այդքան վստահ են իրենց ուժերի վրա, թող ներկայացնեն իրենց քաղաքապետի թեկնածուներին, այլ ոչ թե ասեն առաջինը դու ես, բայց ընտրություններից հետո ես կորոշեմ: Մեզ մոտ ֆեոդալական կարգեր չկան: Մենք ազնիվ ենք եւ մեր թեկնածուն Երեւանում ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ընդդիմությունը միասնական ցուցակով հանդես չեկավ Երեւանի ավագանու ընտրություններում, Շարմազանովը պատասխանեց. «Երեւանի ավագանու ընտրություններում պայքարը կգնա ոչ այնքան առաջին տեղի, որքան իրական երկրորդ տեղի համար՝ հակաիշխանական դաշտում: Եթե հիշում ենք նախագահական ընտրություններից հետո քաղաքական այլընտրանք հռչակած քաղաքական ուժը (ԲՀԿ-ն-խմբ), որը ձմռան ընթացքում խորը քնի մեջ էր, արդարանալու փորձեր կատարեց եւ ասաց, որ իրենց առանցքի շուրջ պետք է միավորվեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ժողովրդի թեկնածուն է: Այս իմաստով ես հակաիշխանական դաշտում կանխատեսում եմ լուրջ պայքար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: