Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դանիա կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է, թե ինքը կապ ունի Հասան Ջեմալի՝ Milliyet-ից հեռացնելու փաստի հետ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք լրագրողները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետաքրքրվել են Milliyet-ից հեռացված լրագրող Հասան Ջեմալից, ինչին ի պատասխան, նա նշել է, թե ինքը որեւէ կապ չունի նրան հեռացնելու հետ, ինչի մասին, որ գրում են մամուլում։ «Հասան Ջեմալը երբ ուզի, կարող է Zaman-ում էլ գրել»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ ավելի վաղ Taraf-ը գրել էր, որ Էրդողանը խիստ զգուշացում էր արել Milliyet-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին եւ Ջան Դյունդարին։ Հասան Ջեմալին ուղարկել էին 14-օրյա արձակուրդի, սակայն արձակուրդը լրանալուց հետո Milliyet-ում հրաժարվել են տպագրել նրա հոդվածները։
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության համար ներողություն խնդրել։
Հասան Ջեմալը նախորդ տարի հանրությանն էր ներկայացրել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։




























