Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 24-ին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կազմակերպում է անվճար համերգային ծրագիր Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում: Համերգին մասնակցելու են չորս խմբեր` Ռոքն ռոլ, Էթնիկ ջազ, Ռեգի եւ Ֆլամենկո:

Հայաստանի բնակչության շրջանում տուբերկուլոզի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով երեւանցիներին բաժանվելու են թերթիկներ եւ տրամադրվելու է տեղեկություն տուբերկուլոզի մասին:

Նշենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Հայաստանում գործում է 1988 թվականից ի վեր: Սկսած 2005 թվականից կազմակերպությունը սերտ եւ արդյունավետ համագործակցում է Հայաստանի առողջապահության նախարարության եւ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Գրասենյակ» ՊՈԱԿ-ի հետ` խթանելով տուբերկուլոզի բուժումը եւ հասանելիությունը: Այժմ կազմակերպությունը աշխատում է Երեւան քաղաքում եւ 5 մարզերում (Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզեր), աջակցություն է ցուցաբերում դեղորայքակայուն եւ դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդներին: 2005 թվականից ի վեր նշված 6 մարզում  ավելի քան հազար հիվանդ է ընդգրկվել այս ընդհանուր ծրագրում: