Հանրապետությունում լոլիկի ցանքատարածությունների կրճատման վտանգ կա: Այդ մասին այսօր` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախորդ տարի Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջաններում ցեցի պատճառով կարտոֆիլի եւ լոլիկի բերքի կորուստ եղավ: Բարեբախտաբար` դիտարկումները ցույց են տալիս, որ վաղահաս կարտոֆիլի ցանքատարածությունները Արարատյան դաշտում չեն կրճատվել, ինչը կարեւոր նշանակություն ունի մայիս-հունիս ամիսներին հանրաետությունը կարտոֆիլով բավարարելու հարցում: Սակայն լոլիկի հարցում մտահոգությունները պահպանվում են:
Գ. Պետրոսյանը հավաստիացրեց, որ իրենց մասնագետների հանձնարարականները կատարելու դեպքում հայ գյուղացիները կկարողանան խուսափել կարտոֆիլի եւ լոլիկի բերքի կորուստից: Բացի այդ, նրա խոսքով, վերամշակող կազմակերպություններն այս տարի լոլիկի նկատմամբ բարձր պահանջարկ կունենան, հետեւաբար` գյուղացիները բերքն իրացնելու խնդիր չունեն:
Ինչ վերաբերում է ընդհանրապես վարելահողերին` Գ. Պետրոսյանն ասաց, որ 450 հազ. հա-ից ներկայում չի մշակվում մոտ 150 հազարը, թեեւ վերջին 2 տարում վարելահողերի ծավալներն աճում են: Հողերի չմշակման հիմնական պատճառներն են` ոռոգման ջրի անբավարարությունը, ցածր եկամտաբերությունը, ճանապարհնային ցանցի ոչ բավարար զարգացվածությունը:



























