Ըստ «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի»` Հայաստանն  զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրատարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցից:

2011 թվականի հետ համեմատ` Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան եւ Ավստրիան:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում վիճակը բավականին բարվոք է ապահովության եւ անվտանգության, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության առումով, սակայն լրջագույն խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Առկա են մի քանի կարեւոր մարտահրավերներ, որոնք խոչնդոտում են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության աճին, այդ թվում՝ օդային փոխադրումների գնային մրցունակություն. շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի եւ պահպանման ցածր մակարդակ, զբոսաշրջության առաջմղմանն ուղղված մարքեթինգային ջանքերի ցածր արդյունավետություն, թույլ զարգացած հյուրանոցային ենթակառուցվածք: Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներից մեկն է, եւ վերոնշյալ հիմնախնդիրների լուծումը էական նշանակություն կունենա ոչ միայն զբոսաշրջության,այլեւ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար

Կազմակերպության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում  օտարերկրացիներին»:

Ըստ այդմ` ամենահյուրընկալ երկրների ցանկում Հայաստանը 95-րդ հորիզոնականն է զբաղեցնում, առաջատարը Իսլանդիան է, ապա`  է Նոր Զելանդիան եւ Մարոկկոն:

Հարեւան Վրաստանը33-րդում է, Թուրքիան՝  53-րդում, Ադրբեջանը՝ 82-րդում  Իրանը՝ 135-րդում: Ամենաանբարյացակամ երկիրը Բոլիվիան է, Վենեսուելան եւ Ռուսաստանը: