Միջպետական բանկի կողմից հայկական «Նաիրիտ» ձեռնարկությանը ներկայացված 25,183 միլիոն դոլարի հայցը  վերադարձնելու մասին դատարանի վճռի վերաբերյալ բողոքարկումը կվերանայվի  ապրիլի 3-ին՝ Մոսկվայի Իններորդ արբիտրաժային դատարանում: 

Բանկը Մոսկվայի արբիտրաժային դատարան «Նաիրիտ» ՓԲԸ-ի դեմ գումարային միջոցների վերականգնման հայց էր ներկայացրել: Պատասխանողը վարկի երաշխավորն է, որը տրվել էր սեփականատիրոջը՝ Rhinoville Property Limited ընկերությանը: Մարտի 20-ին դատարանը վերադարձրել էր հայցադիմումը, քանի որ այն ներկայացվել էր իրավազորության կանոնների խախտմամբ: Ըստ դատարանի՝ հայցը պետք է ներկայացվեր պատասխանողի գտնվելու վայրում՝Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքում, գրում է   Bankir.ru-ն:

Բացի դրանից, մայիսի 14-ին դատարանը կշարունակի բանկի՝ Rhinoville Property Limited ընկերությանը ներկայացված 25,183 միլիոն դոլարի հայցի լսումները: Հայցվոր կողմը 16,764 միլիոն դոլար պահանջում է որպես վարկից օգտվելու տոկոս եւ 8,419 միլիոն դոլար՝ որպես տուգանք: 2006թ. բանկը 70 միլիոն դոլարի չափով վարկային գիծ էր բացել Rhinoville Property Limited ընկերության համար:

Գիտաարտադրական «Նաիրիտ» միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորապրենային կաուչուկի արտադրության ոլորտում մենաշնորհ ուներ:  2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառվել էին բրիտանական Rhinoville Property Limited ընկերությանը: Մնացած 10% բաժնետոմսերը Հայաստանի կառավարության սեփականությունն են: 2010թ.-ից գործարանը չի գործում:

Միջպետական բանկը միջազգային բանկային հաշվարկային եւ վարկային կառույց է՝ ԱՊՀ անդամ-երկրների պետական կապիտալում 100 տոկոսանոց մասնակցությամբ: