Այս պահի դրությամբ ԱԱԾ-ի աշխատակիցները շարունակում են ԱԺ-ի բակում տեղի ունեցած միջադեպի դեպքի վայրի զննությունը։ Խորհրդարանի շենքի ներսում, ինչպես նաեւ շենքի մոտ գտնվող լրագրողներին որեւէ հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում։ Նշենք, որ արդեն մոտ երկու ժամ է ԱԺ-ի կենտրոնական մուտքով ելումուտն արգելվում է. աշխատակիցները շենքից դուրս են գալիս ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքից։

Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի տեղակալ Արմեն Նադիրյանը եւս ժամանել է Ազգային ժողով: Նա հրաժարվել է լրագրողներին մանրամասներ հայտնել միջադեպի հետ կապված, նշելով, որ նախ պետք է անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:

ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչեւ աստիճանների մոտ:

Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել: Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին:

Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին:

Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:

Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել ԱԺ-ից, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում: Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am