ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի դեմ Հատուկ քննչական  ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նախնական տեղեկություններով, Վրեժ Գալստյանը նախկինում երկու անգամ դատված է եղել եւ հոգեկան խնդիրներ ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:

ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչեւ աստիճանների մոտ:

Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել: Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին:

Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին:

Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:

Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել ԱԺ-ից, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում: Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am