ՌԴ Պետդուման հանձնարարել է անվտանգության եւ կոռուպցիայի ահակազդման հանձնաժողովին հարցում ուղարկել իրավապահ մարմիններին` պարզելու Մոսկվայի 1905 թվականի անվան փողոցում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին շենքի հանձնման իրավաչափությունը: Այդ շենքում են գտնվում հրատարակչությունն ու ստագրական սարքավորումները:

Հրահանգի տեքստում ասվում է, թե 2008թ. Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը թերթին է հատկացրել քաղաքի կենտրոնում գտնվող ամենաժամանակակից շենքերից մեկը: Շենքի մի մասը թերթի հիմնադիրները ենթավարձակալության են տալիս եւ խոշոր գումարներ են ստանում, ընդ որում շենքի 51 տոկոսը դեռ պատկանում է Մոսկվա քաղաքին, իսկ քաղաքը ոչ մի կոպեկ չի ստանում դրանից:

Ըստ պատգամավորների, «տպագրատան անհատույց տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձներ թերթը, բայց հրատարակչությունը չարաշահել է քաղաքային իշխանությունների վստահությունը:

Նշենք, որ «Եդինայա Ռոսիայի» եւ «Մոսկովսկի կոմսոմոլեցի» դիմակայությունը սկսվել էր «Քաղաքական պոռնկությունը փոխում է սեռը» հոդվածից, որտեղ խիստ քննադատության էին ենթարկվել երեք պատգամավորուհիներ: Թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւն ու եդինոռոս Անդրեյ Իսաեւը իրար դեմ հայցեր էին ներկայացրել, իսկ ցանցում հոլովակ էր հայտնվել, թե ինչպես են լրագրողները հոդվածների համար գումարներ վերցնում: