Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 22-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրական փոփոխությունները, որոնցով սահմանափակվում են նախագահի լիազորությունները:
Այդ փոփոխությունների օգտին քվեարկել է 123 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանն ունի 150 պատգամավոր):
Սահմանադրական փոփոխությունների վերջին՝ երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայացնում են «Վրացական երազանքի» պագամավորները, եւ ընդդիմությունը, որը ներկայացնում է «Միացյալ ազգային շարժումը», Սահմանադրական փոփոխությունների հարցում կարողացել են կոնսենսուսի գալ մարտի 21-ի երեկոյան: Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» համաձայնել է պաշտպանել այդ նախաձեռնությունը միայն վարկանիշային քվեարկություն անցկացնելուց հետո:




























