Թեեւ ընդդիմության միասնաբար պայքարը այս անգամ էլ չկայացավ, սակայն առավել կարեւոր է  համագործակցությունը ընտրությունների վերահսկողական մեխանիզմների առումով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հնարավորությունները»  թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը:

«Մեզ համար ամենակարեւորն ընտրական բոլոր գործընթացներում միասնական ուժերով ընտրակեղծիքների դեմ պայքարելն է», - ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենք մասնակցելով ընտրություններին լուրջ նպատակներ ունեն «մարդկանց կյանքում կոնկրետ փոփոխություններ մտցնելու»:

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանն անդրադարձավ ընտրությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքին` նշելով, որ լուրջ հիասթափություն կա հասարակության շրջանում, քանի որ ակնկալվում էր ընդդիմադիրների միասնական պայքար, սակայն «ամեն դեպքում հնարավոր է հաղթահարել բնակչության հիասթափությունը ընտրությունների նկատմամբ»:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ արդեն իսկ սկսվել են վարչական ռեսուրսների օգտագործման, չարաշահման գործընթացները,  ինչը դրսեւորվում է տարբեր ոլորտներում:

«Գործող քաղաքապետն ակտիվացել է, սկսել է քարոզչություն ծավալել ժամանակից շուտ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը եւ հավելեց, որ ցուցադրվում են նրա բարեգործությունները, գովաբանվում նրա կատարած աշխատանքները:

Նորահայտ «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ իր խոսքում նշեց, որ իրական առաջընթաց գոյություն չունի, կոսմետիկ բարեկարգումը, արտաքին լուսավորությունն առաջընթաց չեն կարող դիտարկվել, երբ օրինակ, Նորագյուղ թաղամասում, որը մտնում է Կենտրոն վարչական շրջանի մեջ «մարդիկ լապտերներով են փողոցում շրջում»:

«Մենք բանանային, հետամնաց երկիր չենք, որ միայն քաղաքի կենտրոնը լուսավորենք, զարդարենք ու ցույց տանք թե առաջընթաց ունենք, կան շատ ավելի կարեւոր հիմնարար խնդիրներ»,- ասաց Մանուկ Սուքիասյանը: