Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այս մասին մարտի 22-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաեւ ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երեւույթների դեմ պայքարի ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 22-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ տեղեկալները, վարչություների պետեր, բանակային կորպուսների եւ զորամասերի հրամանատարներ, Ազգային անտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զինված ուժերում բավականին լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են եւ անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու եւ ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ աշխատանքները հանգեցրել են դրական արդյունքների եւ հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:

Ելույթներով հանդես են եկել նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչություն պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, բանակային կորպուսների եւ զորամասերի հրամանատարներ եւ այլք: Ելույթներում ներկայացվել է ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, արատավոր բարքերի դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաեւ ազգային գաղափարախոսության ներդրման տեսլականը եւ ուղենիշները:

Ակտիվ քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ եւ հստակ ժամանակացույցեր սահմանել աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: