Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այսօր՝ մարտի 22-ին, հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսրայել կատարած այցելության ավարտին: Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ ներկայացված չեն վարչապետների հեռախոսազրույցի մանրամասները, հաղորդում է Reuters-ը:
«Ես հույս ունեմ, որ երկու առաջնորդների այսօրվա խոսակցությունը թույլ կտա նրանց խորացնել համագործակցությունն այդ եւ մի շարք այլ մարտահրավերների ու խնդիրների հարցում»,-հայտարարել է Օբաման:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է գործընկերային հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի հետ եւ «մենք մեծ նշանակություն ենք տալիս նրանց միջեւ դրական հարաբերությունների վերականգնմանը՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության աջակցության նպատակով»:
Նշենք, որ Թուրքիայի եւ իսրայելի հարաբերությունները լարվել էին 2008-2009 թթ ձմռանը Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող գործողությունից հետո եւ փաստացի փակուղի էին մտել 2010-ի մայիսին գազայի հատված ուղեւորվող թուրքական «Խաղաղության նավատորմի» վրա հարձակումից հետո:
Իսրայելի հատուկ ջոկատի կողմից իրականացված այդ գործողության ժամանակ սպանվել էր 9 թուրք: Միջադեպից հետո Թուրքիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն իսրայելի հետ, սառեցրել ռազմատեխնիկական համագործակցությունը, պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել այդ գրոհի համար եւ փոխհատուցում վճարել զոգհերի հարազատներին:




























